Եթե դուք ժամանակի կամ որևէ այլ պատճառով չեք կարողանում մարզասրահ հաճախել, ապա հիշեք՝ միշտ էլ կան հնարավորություններ ձեռքի տակ, որոնք կարելի է օգտագործել: Մարզվել կարելի է ամենուր, դուք ձեր օրը մի մեծ մարզում կարող եք դարձնել: Դրա համար մի քանի խորհուրդներ եմ ուզում տալ, որոնք ինքս կիրառում եմ երկար ժամանակ:

Եթե հնարավոր է քայլել, քայլե՛ք

Օրվա ընթացքում մենք անընդհատ տեղափոխվում ենք տարբեր վայրերի միջև՝ աշխատանք, տուն, այգի, սրճարան, հանդիպում, միջոցառում, և այլն, և այլն: Բոլոր դեպքերում, երբ հնարավոր է անել դա ոտքով, արեք ոտքով: Օրվա ընթացքում քայլելու իմ միջին հեռավորությունը 10-15 կիլոմետր է, և այնպես չէ, որ ես անում եմ դա հատուկ՝ միայն քայլելու համար: Պարզապես ես նախընտրում եմ քայլել, երբ պետք է, օրինակ, հանդիպման կամ որևէ մեկի տուն գնամ, դուրս գամ գործերով և վերադառնամ, խանութ կամ միջոցառման գնամ: Այսինքն, այսպես թե այնպես ես դա անելու էի և եթե կա հնարավորություն, անում եմ դա ոտքով: Իհարկե՝ խոսքը նրա մասին չէ, որպեսզի ամառվա տապին արևի տակ քայլել (արևի ուղիղ, ուժեղ ճառագայթների տակ ոչ մի դեպքում պետք չէ մնալ), ոչ էլ նրա մասին, որ պետք է քայլել, երբ աշխատանքից ուշանում եք, այլ նրա, որ ինքներդ գնահատեք և հասկանաք, թե երբ կարելի է անել դա ոտքով: Պարզապես անկեղծ եղեք ձեզ հետ և քայլելը սովորություն դարձրեք:

Մոռացեք վերելակի մասին

Երբ ես աշխատում էի գրասենյակում, որը գտնվում էր բարձրահարկ շենքի հինգերորդ հարկում, զարմանում էի, որ շենքում աշխատող մարդկանց միայն մոտ 5%-ն է իր աշխատավայր բարձրանում աստիճաններով, մյուսները նախընտրում էին վերելակը: Բայց չէ՞ որ գրասենյակային աշխատողները մյուսներից առավել ունեն ֆիզիկապես ակտիվ լինելու կարիք, ինչո՞ւ չօգտագործել այն հնարավորությունը, որը ձեռքի տակ է: Ապրում եք դուք բարձրահարկ շենքում, թե աշխատում եք, եթե միշտ անեք դա ոտքով, ապա դա ձեզ ֆիզիկապես ակտիվ կպահի: Ես հազվադեպ եմ օգտվում վերելակից, եթե ոտքով բարձրանալու հնարավորությունը կա:

Մի խուսափեք ֆիզիկական աշխատանքից

Եթե դուք մտավոր աշխատանքով եք զբաղվում, ֆիզիկական աշխատանքին որպես մարզում վերաբերվեք, քանի որ այն իրոք մարզում է ձեր մարմինը և մարզում է նաև ձեր բնավորությունը (կամքը): Եթե կա հնարավորություն ֆիզիկական աշխատանք կատարելու և թույլ է տալիս ժամանակս, ես միշտ մասնակցում և հաճույք եմ ստանում դրանից: Այդպես ինչ-որ օգուտ ես տալիս և միաժամանակ մարզվում ես:

Ձգվելու համար «ձող» միշտ էլ կարելի է գտնել

Հորիզոնական ձողի վրա ձգվելը լավագույն վարժություններից է, որի համար շատ բան չի պահանջվում: Հարմար տարբերակ կախվելու համար կարելի է գտնել ամենուր՝ բակերում, տանը, նույնիսկ աշխատանքի վայրում: Նման հնարավորության կողքով մի անցեք անտարբեր, որտեղ էլ որ գտնվելիս լինեք: Կախվեք, ձգվեք և ֆիզիկապես ավելի կոփված դարձեք:

Հնարավորությունները մարզասրահից դուրս մարզվելու համար բազմազան են (եթե մարզվելու ձեր միակ նպատակը ձեր մարմնի տեսքը չէ): Սակայն կախված յուրաքանչյուրիս առօրյայից՝ դրանք տարբեր են: Այստեղ փորձեցի ներկայացնել մի քանի ընդհանուր խորհուրդներ, սակայն հոդվածի ողջ իմաստը կայանում է նրանում, որպեսզի դուք ինքներդ ուշադիր լինեք և օգտագործեք ձեռքի տակ եղած հնարավորությունները, որոնք, հավատացեք, բազմազան են: Այն, ինչը մենք կարողանում ենք ինքնուրույն ստեղծել (անել), միշտ ավելի արժեքավոր է, քան երբ մենք օգտագործում ենք եղածը: Այնպես որ, ձեր ամբողջ օրվան որպես մարզում վերաբերվեք, վարժություններ գտեք այն ամենի մեջ, ինչը ձեր առօրյայի մի մասն է կազմում:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: