Արդեն մի քանի ամիս է, ինչ ես գրանցված չեմ սոցիալական ցանցերում: Մինչ այդ ունեի պրոֆիլներ Facebook-ում, Twitter-ում, Linkedin-ում, և այլն, և այլն: Պրոֆիլները ջնջված են վերջնականապես, այլ ոչ թե պարզապես ապաակտիվացրած, որպեսզի դրանք ակտիվանան հաջորդ անգամ պատահաբար կամ միտումնավոր մուտք գործելիս: Երբ սեղմում էի «Հեռացնել վերջնականապես» կոճակը, չկար ափսոսանքի որևէ նշույլ՝ կապված նրա հետ, որ տարիների ընթացքում կուտակված այդ ողջ ինֆորմացիան կորչելու է: Հակառակը՝ կար ազատության ինչ-որ զգացում, կյանքի նոր, ավելի լավ որակի զգացողություն: Եվս մեկ սովորություն հաղթահարված էր:

Այս սովորությունը հաղթահարելու վրա աշխատել սկսել էի ավելի շուտ և բավական կրճատել էի սոցիալական ցանցերում անցկացված ժամանակը: Դրա մասին գրել եմ նաև «3 խորհուրդներ, թե ինչպես քիչ ժամանակ անցկացնել Ֆեյսբուքում» հոդվածում: Սակայն զգացողությունը, որ կախվածություն ամեն դեպքում կա, առկա էր, ուստի ցանցերից վերջնականապես ջնջվելը սովորությունը հաղթահարելու քայլերիս տրամաբանական շարունակությունն էր:

Որևէ սովորություն ղեկավարելու իմ հիմնական հաղթաթուղթը միշտ էլ եղել է հստակ գիտակցումը, թե ինչ է դա տալու ինձ երկարաժամկետ կտրվածքով: Այդ գիտակցումն այնքան ուժեղ է, որ սովորությունը հաղթահարելը շատ հեշտ է ստացվում (իմիջիայլոց, նման կերպ եմ ես ազատվել նաև հեռուստացույց դիտելու սովորությունից՝ պարզապես հեռացնելով հեռուստացույցը տանից): Այս դեպքում գիտակցումը կապված էր նրա հետ, որ վիրտուալ աշխարհում մենք մեզ համար ինչ-որ կերպար, աշխարհ ենք ստեղծում, որը, որքան էլ որ մերը լինի, տարբերվում է իրականությունից, և ցավալին այն է, որ այդ ամենը խլում է մեզանից այն ժամանակը և մտավոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են իրական կյանքը կատարելագործելու համար: Վիրտուալ և իրական աշխարհներում, ընդհանուր առմամբ, դու շարժվում ես միևնույն ուղղությամբ: Այսինքն, այնպես չէ, որ վիրտուալ աշխարհում քեզ մոտ ամեն ինչ լավ է, իսկ իրական կյանքում՝ անտանելի, կամ հակառակը: Ոչ, կյանքի վեկտորն երկու դեպքում էլ, հիմնականում, նույն ուղղությամբ է գնում և իրականությունը վիրտուալ աշխարհում որևէ կերպ արտացոլվում է: Սակայն տարբեր են կյանքի ընթացքի, շարժման տեմպերը, ինչն էլ ամենավտանգավորն է: Վիրտուալ աշխարհում մենք «ավելի արագ ենք» հաջողության հասնում, ավելի «հաջողակ ենք», ավելի «անսխալ», ավելի «երջանիկ», արդյունքներն «ավելի մեծ են», քան իրական կյանքում (քանի որ այդ ամենը մեր ձեռքերում է): Երբ վիրտուալ աշխարհում մենք ավելի արագ ենք շարժվում, դա գցում է տեմպերն իրական կյանքում, քանի որ ժամանակն ու էներգիան կիսվում է, միտքդ կիսվում է: Բացի այդ, դա ազդում է մեր ենթագիտակցության վրա և մեզ համար ստեղծում կեղծ «իրական պատկեր»: Իսկ երբ հրաժարվում ես վիրտուալ «ես»-ից, կարողանում ես ողջ ուժերդ կենտրոնացնել իրական «ես»-ի և կյանքի բարելավման վրա, ինչն էլ ամենակարևորն է, ինչն էլ ապահովում է կյանքում գլխավոր արդյունքները:

Ցանկացած բան դառնում է կախվածություն, երբ չափն անցնում ես: Սոցիալական ցանցերն իրենցով վնասակար չեն: Գազարը նույնպես օգտակար է: Սակայն այն ձեզ կվնասի, եթե դուք սկսեք չափից ավելի շատ ուտել: Ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե ինչպես է ազդում այս կամ այն սովորությունն իր կյանքի վրա՝ սեփական կյանքի առանձնահատկություններից ելնելով: Կոնկրետ իմ դեպքում սոցիալական ցանցերից ազատվելը փոխեց կյանքիս որակը: Ես ինձ ավելի ազատ եմ զգում, աշխատում եմ ավելի արդյունավետ, մտածում եմ ավելի արդյունավետ, քանի որ կրճատվել է շեղվելու մի մեծ գործոն, նվազել է ավելորդ ինֆորմացիայի քանակը և ես զգում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա իրականում: Կենտրոնացումն այժմ միայն նրա վրա է, ինչն իսկապես կարևոր է: Եվ ժամանակի ընթացքում դա արտացոլվելու է արդյունքներում՝ իրական արդյունքներում:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: