Հետաձգել գործերը

Մենք հաճախ ենք հետաձգում գործերը: Այդ գործերը կարող են լինել մեծ կարևորություն ունեցող և երկարաժամկետ, կամ ամենօրյա և կարճաժամկետ: Ամենօրյա գործերից է ինչ-որ մեկին զանգահարելը, հանդիպելը, մեքենան վերանորոգելը, խանութ այցելելը, կենցաղային կամ հանգստի հետ կապված ինչ-որ գործեր, և այլն: Երկարաժամկետ գործերից կարող է լինել, օրինակ, նոր գործ սկսելը, նոր մասնագիտություն ձեռք բերելը, ամուսնանալը կամ լեզու սովորելը: Գործերը մենք հիմնականում հետաձգում ենք հետևյալ երեք պատճառներով.

«Եռացող ուղեղ»

Սա այն դեպքն է, երբ ընթացիկ գործերն այնքան շատ են, ուղեղներս այնքան խառն է եղածներով, որ չենք հասցնում բոլորն անել և ինչ-որ գործեր անընդհատ մնում են հերթի մեջ: Գործերը հետաձգելու այս պատճառն անվանենք «եռացող ուղեղ»: Այսինքն, այնքան բան կա անելու, այնքան շարժում կա մեր ուղեղում, որ դրանից ուղեղը սկսում է եռալ և որոշ մտքեր ուղեղից դուրս են մնում: «Եռացող ուղեղ» ես հանդիպել եմ ծանոթներիցս երկուսի մոտ: Նրանցից մեկը կին է, ով ապրում է սեփական մեծ տանը և միշտ զբաղված է տնային գործերով: Նրա գործերը երբեք չեն վերջանում (հատկապես` ամռանը)` տունը մաքրել, նկուղը կարգի բերել, այգում գործ անել, … Նա այնքան զբաղված է իր առօրյա, կենցաղային գործերով, որ ոչ կենցաղային մի շարք գործեր անընդհատ հետաձգվում են: Մյուս ծանոթս գործարար է: Նրա մոտ «ուղեղի եռման» պատճառ դարձել են ընկերության գործերը: Նա անընդհատ զբաղված է, անընդհատ հանդիպումների և քննարկումների մեջ, և ստացվում է այնպես, որ ոչ գործնական պլանները, օրինակ, հանգստի հետ կապված, միշտ հետաձգվում են:

«Հանգիստ ուղեղ»

Գործերը հետաձգելու երկրորդ պատճառն անվանենք «հանգիստ ուղեղ»: Սա «բազմոցին պառկած» այն վիճակն է, երբ չկա ձգտում ինչ-որ բան անելու: Այսինքն, կամ պարզապես հոգնել ես և ուզում ես հանգստանալ, կամ մոտիվացիա չկա ինչ-որ բան անելու, կամ էլ ալարկոտ ես և ուզում ես, որ քո փոխարեն ուրիշներն անեն. մի խոսքով, ինչ-որ պատճառով չես ուզում գործ անել: Այս վիճակում գտնվող մարդն այնպես չէ, որ ընդհանրապես ոչինչ չի անում: Օրինակ, ծանոթներիցս մեկի մոտ, ով մասնագիտությամբ ուսուցիչ է, այս վիճակը լինում է այն ժամանակ, երբ նա ավարտում է աշխատանքը և դպրոցից վերադառնում տուն: Տանը եղած ժամանակ նա հեռուստացույց դիտելուց բացի այլ բան անելու ձգտում չի ունենում` չնայած անելու բան միշտ լինում է: Եթե առաջարկես նրան ինչ-որ կիսատ գործ ավարտին հասցնել կամ ինչ-որ տեղ գնալ, նրա դեմքին անտարբերության կամ դժգոհության արտահայտություն կտեսնես: Նա պարզապես չի սիրում իր հարմարավետության գոտուց դուրս գալ` ինչի պատճառով էլ միշտ գործերը հետաձգում է:

«Անկազմակերպ ուղեղ»

Եվ վերջապես, գործերը հետաձգելու երրորդ պատճառն անվանենք «անկազմակերպ ուղեղ»: Դա վերաբերում է բոլոր այն դեպքերին, որոնք չեն մտնում նախորդ երկուսի մեջ: Այսինքն, ոչ ուղեղդ է եռում, ոչ ուզում ես հանգիստ լինել, պարզապես ինչ-ինչ պատճառներով չես կարողանում գործերդ կազմակերպել և վերջ: Որոշ գործեր միգուցե մոռանում ես, որոշները համարում երկրորդական և հետաձգում, գործերի մի մասը քո ուժերից վեր ես դասում, մի խոսքով, պատճառները տարբեր կարող են լինել:

Այս երեք վիճակներն էին, որոնց մասին ուզում էի խոսել: Իսկ թե ինչպես կազմակերպել գործերը` գտնվելով այս վիճակներից մեկում, կպատմեմ հաջորդ հոդվածում:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: