Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հասարակական համակարգն այնպես է կառուցված, որ մարդու կյանքի տարբեր ոլորտները կարգավորվում են փողի միջոցով: Ուզո՞ւմ ես ուտել, պետք է փող ունենաս: Ուզո՞ւմ ես բուժվել, պետք է փող ունենաս: Զվարճանա՞լ ես ուզում, կրկին փող է պետք: Այդպես են մեզ սովորեցրել, և դա ենք մենք տեսել մանկուց: Փողն ընկած է ներկայիս համակարգի հիմքում, դրանով են չափվում նյութական և ոչ նյութական արժեքները: Եթե խնձորը լավն է, այն փող արժե: Եթե խնձորը շատ լավն է, այն ավելի շատ փող արժե: Եթե լավ գիրք ես գրում, կարող ես փող վաստակել: Եթե ավելի լավ գիրք ես գրում, ավելի շատ փող կվաստակես:

Փողը հեշտացնում է այն, ինչ անում էին մարդիկ նույնիսկ այն ժամանակ, երբ փողը դեռ հորինված չէր: Մինչ այդ մարդիկ նույն ձևով ուտում էին, նույն ձևով աշխատում, պարզապես աշխատանքի դիմաց ոչ թե փող էին ստանում, այլ, օրինակ, երկու զամբյուղ խնձոր կամ չորս հավ: Դրա մի մասով նրանք սնվում էին, իսկ երբ պետք է գործիքներ ձեռք բերեին, հավերից մի քանիսը փոխանակում էին գործիքների հետ: Կամ եթե մարդը լավ էր քանդակում, քանդակների դիմաց ինչ-որ բան էր ստանում, իսկ եթե ավելի լավ էր քանդակում, այդ ինչ-որ բանն ավելի շատ էր ստանում: Ընդհանուր առմամբ, մարդիկ միշտ էլ ինչ-որ բան արել են ինչ-որ բան ստանալու համար: Երբ փողը չկար, այդ ինչ-որ բաները դժվար չափելի էին, փողը հնարավորություն տվեց մարդուն չափել իր աշխատանքն ու նյութական արժեքները:

Երբ մենք աշխատավարձ ենք ստանում, այդպես չափում են այն աշխատանքը, որը մենք կատարում ենք: Սովորաբար մենք միանման աշխատանք ենք կատարում. բժիշկը բժշկում է, գրողը գրում է, շինարարը կառուցում է: Այն, թե ինչ աշխատանք է մարդը կատարում և ինչի մեջ է հմտանում, մենք անվանում ենք մասնագիտություն: Օրինակ, եթե ունես ինժեների մասնագիտություն, նշանակում է` դու պետք է լավ կատարես ինժեների աշխատանքը, և դրա դիմաց փող կստանաս: Ընդունված է, որ այլ բան ինժեները չպետք է անի: Ավելի ճիշտ` համակարգն է այնպես կառուցված, որ նա չանի:

Տարիներ առաջ ես հասկացա, որ միայն աշխատավարձով ապրելն ինձ համար չէ: Ես անում էի այն, ինչ անում էին բոլորը, առանց մտածելու` արդյո՞ք դա հետաքրքիր է ինձ համար, արդյո՞ք դա այն է, ինչ ես ուզում եմ: Այդ ժամանակ էր, որ սկսեցի ուսումնասիրել, թե ինչպես են մարդիկ այլ կերպ ապրում: Կարդացի պատմություններ մարդկանց մասին, ովքեր եկամտի բազմաթիվ աղբյուրներ էին ստեղծում, և այդ պատմություններն այնքա՜ն գրավիչ էին թվում: Ինձ համար դրանք պատմություններ էին ազատության մասին: Այդ մարդիկ կարողանում էին փող վաստակել, նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չէին անում: Իհարկե, դա լինում էր` ինչ-որ պահից սկսած, բայց այդ պահից սկսած` նրանք կարող էին ճանապարհորդել, հանգստանալ, բացահայտել նորը` մասնագիտությունից դուրս, առանց մտածելու աշխատանքի և պարտականությունների մասին: Ես նույնպես զգում էի, որ ինչ-որ բան եմ անում, որն իմ որոշումը չէ, այլ թելադրված է հասարակության կողմից: Ես զգում էի, որ համակարգի մի մասն եմ, բայց ներքուստ ցանկանում էի դուրս լինել համակարգից:

Կարդալ ավելի շատ
Վերադառնալ գլխավոր էջ

«Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները»

Գրքում կառնչվեք տարածված 15 սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

  • Հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա:
  • Գրված է Հայաստանի պայմաններում:
  • Ընթերցվում է մեկ շնչով: